ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թվականին չի փոփոխվի, որովհետև էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձրացնող և նվազեցնող գործոնները հավասարակշիռ վիճակի են եկել։ Այս մասին ասվում է ՀԾԿՀ–ի եզրակացության մեջ, որի արդյունքներով Հայաստանում հոսանքի գներն անփոփոխ են մնացել (սա վերաբերում է 2024 թվականի փետրվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածին)։
Սպառողների համար բացասական գործոններից է (գների բարձրացման վրա ազդող) «Հայաստանի էլցանցերում» վաճառքի կրճատումը շուրջ 145 մլն կՎտ/ժ–ով կամ մոտ 2%–ով (այն պատճառով, որ հետզհետե ավելի շատ սպառողներ են անցնում արևային կայանների օգտագործմանը)։ Արդյունքում էլցանցերի շահույթը կրճատվում է, իսկ ցանցի սպասարկման ծախսերը մնում են նույնը, ինչն էլ նրանց հաշվեկշռում որոշակի մինուս է առաջացնում։
Երկրորդ գործոնը ՀԷԿ–երի էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումն է (համեմատաբար էժան) գետում ջրի հոսքի կրճատման պատճառով։ Դրանք ստիպված կլինեն փոխարինել ավելի թանկ էլեկտրականությամբ, որը ստացվում է ՋԷԿ–երից։ Մասնավորապես, երկու մեծ ՀԷԿ կասկադները (Որոտանի և Սևան–Հրազդանի) 130 մլն կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա են արտադրում (համապատասխանաբար մոտ 90 և 42 մլն)։ Նշենք, որ եթե ՀԾԿՀ–ի հաշվարկներն արդարացվեն, ՀԷԿ–երում ընդհանուր արտադրանքը երկրորդ տարին անընդմեջ կկրճատվի նշված պատճառով (ջրի հոսքի նվազման)։
Չբավարարող ծավալն ակնկալվում է լրացնել ջերմաէլեկտրակայանների հաշվին, սակայն հիմնականում արդեն ոչ թե «Հրազդան» ՋԷԿ–ի, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5»–ի և «ArmPower»–ի (Renco և Siemens ընկերություններ), քանի որ դրանց սարքավորումներն ավելի նոր են և թույլ են տալիս էլեկտրաէներգիա արտադրել ավելի ցածր ինքնարժեքով։
Եվս մեկ գործոն, որը «ծանրացնում» է սակագինը` դա 4,5 մլրդ դրամի (մոտ 11 մլն դոլար) ներդրումային ծրագրերն են, այդ թվում «Հայաստանի էլցանցերինը» (շուրջ 9,6 մլն դոլար), ինչպես նաև Որոտանի և ՀԷԿ–ի Սևան–Հրազդան կասկադների (մոտ 450 հազար դոլար)։
Մյուս կողմից` սակագներից կհանվի Հայկական ԱԷԿ–ի և «Հայաստանի բարձրավոլտ ցանցերի» ներդրումային ծրագրերի բեռը, ճիշտ է` միայն այն պատճառով, որ դրանք կտեղափոխվեն 2025 թվական և հետագա տարիներ։ Մասնավորապես` ԱԷԿ–ը հետաձգել է մի շարք աշխատանքներ, այդ պատճառով կհետաձգվի նաև 4,5 մլրդ դրամի ՀՀ կառավարության վարկը։ Այս տեղաշարժերը չեն վերաբերում ՌԴ կառավարության տրամադրած վարկին, որը շարունակելու են մարել ժամանակացույցի համաձայն։
Ինչ վերաբերում է «Հայաստանի բարձրավոլտ էլցանցերին», ապա 2024 թվականից այն պետք է սկսեր մարել Իրան–Հայաստան նոր ԷՀԳ–ի կառուցման վարկը։ Վարկը վերցրել էին Իրանի արտահանման և զարգացման բանկից, բայց պայմանով, որ մարել կսկսեն, երբ գիծը շահագործման հանձնվի։ Սակայն քանի որ կապալառուները (ևս Իրանից) կրկին հետաձգեցին աշխատանքների ավարտման ժամկետը, հետաձգվեց նաև վարկի մարումը։
Հավելենք, որ հաջորդ տարի, ՀԾԿՀ–ի գնահատականներով, կավելանա նաև էլեկտրաէներգիայի շուկայական վաճառքների մասնաբաժինը (այսինքն ոչ թե «Հայաստանի էլցանցերի» ֆիքսված սակագներով առուվաճառքը, այլ այլընտրանքային վաճառողների շուկայական համաձայնագրերով)։ Աստիճանաբար պարտադիր կարգով ազատ շուկա են անցնում ձեռնարկությունները (տնային տնտեսությունները` միայն ցանկության դեպքում)։ Այդպիսով` 2024 թվականին կարգավորվող վաճառքներից ազատական վաճառքի պետք է անցնի էլեկտրաէներգիայի մոտ 386 մլն կՎտ/ժ–ն (+30% 2023 թվականի համեմատ)։ Դա գրեթե չի ազդում «Էլցանցերի» եկամտի վրա, քանի որ նրանց ցանցը շարունակում է միակը մնալ երկրում, և շուկայական թրեյդերները սպառողների հետ պայմանագրեր կնքելիս նրանց հոսանք են մատակարարելու «Էլցանցերի» միջոցով և դրա դիմաց նրանց ֆիքսված գումար վճարելու (ազատ շուկայի իմաստը ոչ թե տարբեր էլցանցերի կառուցումն է, այլ մրցակցությունը, բաժանորդների հետ կապված ադմինիստրատիվ ծախսերի նվազման հաշվին)։
Արդյունքում ԱԷԿ–ի մասնաբաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի այս «խառնուրդում» 2024 թվականին կկազմի (սեփական արտադրությունն ու ներմուծումը ներառյալ) մոտ 29% (+2% 2023 թվականի համեմատ), Երևանի ՋԷԿ–ինը` մոտ 17% (-1% 2023 թվականի համեմատ), «ArmPower» ՋԷԿ–ինը` մոտ 21% (+2%), «Հրազդան-5»-ինը («Գազպրոմ Արմենիա» ընկերություն)` 4,7% (+2,2%), Հրազդան ՋԷԿ–ինը` 0,45% (-2,7%), Որոտանի կասկադինը` 9,5% (-0,5%), Սևան–Հրազդան կասկադինը` 4,4% (2023 թվականի գրեթե նույն մակարդակին)։