ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները տեղի տվեցին Իլհամ Ալիևի ճնշումներին և պայմաններին ՝ վերջնականապես փակելու և լռեցնելու ցանկացած հարց, որն այս կամ այն կերպ կապված է Լեռնային Ղարաբաղի հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրել է, թե Հայաստանում իշխող թիմի անդամներն ինչ եռանդով են պայքարում Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչների դեմ։
«Հայաստանում «խաչակրաց արշավանք» են հայտարարել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ։ Անգամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությամբ փոքր հավաքը Հայաստանի ղեկավարության կողմից գնահատվում է որպես հակապետական քայլ», - ասել է Սուրենյանցը։
Ասվածի վառ օրինակ է նա համարում վերջերս Երևանի կենտրոնական փողոցներից մեկում պաստառի ապամոնտաժումը, որի վրա պատկերված էին առևանգված և Բաքվում ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները:
Պաստառը, որի վրա պատկերված էին առևանգված և Բաքվում ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները
Փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանում առողջ հասարակություն լիներ, ապա երկրում հզոր կոնսոլիդացիա տեղի կունենար Ղարաբաղի առաջնորդներին Բաքվի բանտերից ազատելու գաղափարի շուրջ: Նա համոզված է, որ ադրբեջանական կողմը ցուցադրական դատավարություններ կկազմակերպի իրենց դեմ, և դրանք կլինեն դատավարություններ հենց Լեռնային Ղարաբաղի դեմ։
Քաղաքագետի խոսքով` հենց Լեռնային Ղարաբաղի կորուստն անցնող տարվա շրջադարձային ու ողբերգական իրադարձությունն էր, որի խորքային նշանակությունը մենք դեռ չենք հասկանում։
«2023 թվականը ընկալման իմաստով մոտ էր 1915 թվականին, քանի որ հայ ժողովուրդը կորցրեց Արցախը` ցեղասպանության և էթնիկ զտման հատկանիշներով։ Այն շրջադարձային էր ու բացասական իմաստով մեծ հետք է թողնելու մեր պետականության ու ժողովրդի կյանքում։ Սա ոչ միայն ԼՂ կորուստ է համարվում, այլև վերանայման է ենթարկվում ՀՀ երրորդ հանրապետության հիմքում ընկած քաղաքակրթական արժեքը»,–ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով` ՀՀ–ն կանգնած է նոր ազգային գաղափար, նախագիծ ունենալու հրամայականի առջև, որովհետև ակնհայտորեն ԼՂ խնդիրնառանցքային է եղել ոչ միայն արտաքին քաղաքականությունում, այլ նաև ներքին քաղաքական դիսկուրսում։ ԼՂ կորստով ամբողջությամբ փոխվել է ՀՀ ներքաղաքակաան կյանքը։
Այն խնդիրը, որը քաղաքական համակարգի գործիչների համար առանցքային էր 30 տարի, դադարել է գոյություն ունենալ։
Հիշեցնենք` ադրբեջանցիները սեպտեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։