ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմն» ու Անկարան թուրքական գազային հանգույցի վերաբերյալ ճանապարհային քարտեզ պատրաստելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այսօր մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք համապատասխան ճանապարհային քարտեզ պատրաստել, որը կընդունվի առաջիկայում, և դրա շրջանակում մենք առաջ կշարժվենք, որպեսզի ապահովենք այդ նախագծի իրականացման մեկնարկը», – ասել է Նովակը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայացուցիչներն առաջիկայում Սանկտ Պետերբուրգ կայցելեն ռուսական փորձին ծանոթանալու համար:
«Վստահ եմ, որ դա օգտակար կլինի Թուրքիայի տարածքում էլեկտրոնային հարթակի և հանգույցի ձևավորումն ապահովելու համար։ Հուսանք, որ 2024-ը այդ նախագծի իրականացման մեկնարկի տարի կդառնա», - ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք` ՌԴ և Թուրքիայի նախագահներն անցյալ տարվա հոկտեմբերին հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Ըստ լրատվամիջոցների` այնտեղ հնարավոր կլինի տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերով» ապահովվող գազի մատակարարումները։ Նշվում էր, որ խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է։