ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի վարչակազմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «վերջին մարդը», որ կարող է որևէ բան ասել ցեղասպանության մասին և խոսել խրատ կարդալու մասին։
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը Նեթանյահուի հասցեին քննադատություն էր հնչեցրել` հերթական անգամ համեմատելով նրան Ադոլֆ Հիտլերի հետ։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր` Էրդողանը, որ ցեղասպանություն է իրականացրել քրդերի նկատմամբ և ռեկորդակիր է իր ռեժիմի դեմ հանդես եկող լրագրողներին ձերբակալելու թվով, վերջինն է, որ կարող է իրենց գլխին խրատ կարդալ։
«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն վերջին մարդն է, որ կարող է որևէ բան ասել ցեղասպանության մասին։ Նա տիրապետում է խաղաղ բնակչության դեմ իր ռազմական հանցագործությունները աշխարհին որպես ինքնապաշտպանություն վաճառելու արվեստին։ Նույնիսկ եթե աշխարհը չկարողանա կանգնեցնել նրան, պատմությունը կդատապարտի նրան որպես ռազմական հանցագործի։ Վերջին մարդը, որ կարող է խոսել բարոյականության և խրատ կարդալու մասին, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն է», – հայտարարել է նախագահական վարչակազմի հաղորդակցությունների գծով վարչության ղեկավար Ֆահրետին Ալթունը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «դահիճ» և «մարդասպան» է անվանել, հայտարարել, որ նա Գազայի հատվածում ցեղասպանություն է կազմակերպել իր քաղաքական կարիերան երկարացնելու և Իսրայելում իր դեմ սկսված դատական գործընթացից խուսափելու համար։