41-ամյա կինը ՀՀ տարբեր մարզերում շուրջ 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ է հափշտակել

Կովեր
Կնոջը մեղադրանք է ներկայացվել խարդախության համար, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 41-ամյա բնակչուհին տարբեր մարզերի 32 գյուղացիներից խարդախությամբ շուրջ 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, պատճառված վնասի չափը:
«Քննությամբ հիմնավորվել է, որ կինը 2020-2023թթ. ընթացքում խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միջոցով Արմավիրի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հիմնականում գյուղաբնակ ընդհանուր 32 ֆիզիկական անձանցից, հափշտակել է ընդհանուր առմամբ 22.137.800 դրամի գույք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կինը մոլորության մեջ է գցել նրանց, ովքեր վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր անասուն են ունեցել։ 26 դեպքում ասել է, որ միս է մատակարարում ՀՀ զինված ուժերին և քրեակատարողական հիմնարկներին, իսկ երեք դեպքում՝ սննդի ընկերությանը, խոստացել է ապրանքի դիմաց վճարել մատակարարելուց ստացված գումարը։
Վստահություն ձեռք բերելու նպատակով փոխառության պայմանագիր է կնքել, անասուններ գնելու շուրջ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գումարը երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պայմանով։ Ապա անասունները վաճառել է, հափշտակել գումարն ու գյուղացիներին պատճառել գույքային վնաս:
Մի քանի այլ դեպքերում էլ պայմանավորվել է տարբեր քանակի և արժողության սերմացու գնելու վերաբերյալ՝ գումարը մի քանի օրից վերադարձնելու պայմանով: Սակայն սերմացուն ստանալուց հետո հափշտակել է այն:
Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով (17 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (15 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին։
Կենտրոնում հանցավոր խումբ է գործում. թիրախում երկար ժամանակ չբնակեցված բնակարաններն են