ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում թաղված է գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին, վնասվել է Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրիմի ազգամիջյան առաքելության ներկայացուցիչ Զաուր Սմիռնովին։
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր անցած գիշեր Թեոդոսիայի նավահանգստի վրա թշնամական հարձակման մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հետ մղելու ընթացքում վնասվել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը:
«Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վնասվել է։ Հարվածային ալիքը տաճարի մի քանի վիտրաժային պատուհան է կոտրել»,-ասել է Սմիռնովը։
Նրա խոսքով՝ «ուղղափառ և մահմեդական սրբավայրերի գնդակոծությունները չեն դադարում Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների տարածքներում, հիմա դա տեղի է ունեցել Ղրիմում»։
«Նման հանցագործություններին անխուսափելի պատիժ կհետևի», -վստահ է Սմիռնովը:
Նա հավաստիացրել է, որ վիտրաժները տաճարում անպայման կվերականգնվեն։
Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1330 թվականին։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Համարվում է Թեոդոսիայի ամենահին հայկական տաճարը։ Եկեղեցու բակում է թաղված հայազգի ռուսաստանցի գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։