Սիսիանի 35-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել հարևանի սպանության համար

Քննչական կոմիտե
Հարևանները վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, և 35-ամյա տղամարդը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է 66-ամյա համաքաղաքացուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 23-ին 35-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել 66-ամյա համաքաղաքացուն: Իրավապահները Սիսիանի բժշկական կենտրոնից հաղորդում են ստացել, որ քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ։ Նա մահացել է հիվանդանոցում` այդպես էլ գիտակցության չգալով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Բերման է ենթարկվել Սիսիանի 35-ամյա բնակիչը։
Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչների միջև։ 35-ամյա տղամարդը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է հարևանին։ Տղամարդը խոստովանել է արարքը:
Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։