ՌԴ ԶՈւ-ն կատարել է տարվա գլխավոր նպատակը՝ խափանելով Ուկրաինայի հակահարձակումը. Շոյգու

Սերգեյ Շոյգու
Գերագույն գլխավոր հրամանատարը բարձր է գնահատել պաշտպանության նախարարության ղեկավարության և անձնակազմի աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ զինված ուժերը կատարել են անցնող 2023 թվականի գլխավոր խնդիրը՝ խափանելով ուկրաինական հակահարձակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ամփոփիչ թեմատիկ սելեկտորային խորհրդակցության ժամանակ։
«Անցնող տարում հիմնական ջանքերը կենտրոնացած էին հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վրա։ Դրանցից գլխավորը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների կողմից բարձրաձայն հայտարարված ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը խափանելն էր։ Այդ խնդիրը հաջողությամբ կատարվել է»,-ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ դա հաջողվել է անել արդյունավետ կառուցված պաշտպանական գծերի, տեխնիկայի հուսալիության և մարտիկների վճռական գործողությունների շնորհիվ։
«Առաջին հերթին հայրենիքի պաշտպանների հմուտ և վճռական գործողությունների շնորհիվ, որոնք անձնվիրաբար ապահովում են երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունը»,-ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու
Շոյգուն նշել է, որ պաշտպանության նախարարությունում հիշում են յուրաքանչյուր մարտական ընկերոջ, որն կյանքը տվել է հայրենիքի առջև դրված խնդիրները կատարելիս:
Նա հավելել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը բարձր է գնահատել պաշտպանության նախարարության ղեկավարության և անձնակազմի աշխատանքը, շնորհակալություն է հայտնել առաջադրված խնդիրները բարեխղճորեն կատարելու համար:
ՌԴ պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրն իր կարիքների ապահովման համար մի քանի անգամ ավելացրել է արտադրության ծավալը:
«Հատուկ ռազմական գործողության գոտում ներգրավված զորքերի անխափան մատակարարման համար պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները մի քանի անգամ ավելացրել են սպառազինության և խոցման միջոցների ամենապահանջված նմուշների թողարկումը, շատերն անցել են աշխատանքի շուրջօրյա ռեժիմի»,-ասել է նա:
Շոյգուի խոսքով՝ ռուսական պաշտպանական արդյունաբերության աշխատակիցները մարտահրավեր են նետել «արևմտյան գովերգված ռազմատեխնիկական ներուժին»:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք դիրքերում ավելացել են 10-12 անգամ։ Նրա խոսքով՝ խոսքը «հսկայական թվերի» մասին է։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել 2022-ի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան ՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։