ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև»,– ասել է նա։
Նազելի Բաղդասարյանը նշել է նաև, որ քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023-ի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկներին: