Կարմիր խաչը Արցախի նախկին ղեկավարներին է փոխանցել հարազատների ուղարկած ծանրոցները. ԶԼՄ

Արցախի նախկին ղեկավարները
Արցախի նախկին ղեկավարները շուրջ 3 ամիս է` ադրբեջանական գերության մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Արցախի նախկին ղեկավարներին են փոխանցել Հայաստանից հարազատների ուղարկած ծանրոցները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի տեղակալ Էլչին Շիրինովին։
Նա այդ կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելել է պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին:
Իրավապաշտպանն ասել է, որ այցի նպատակը եղել է կալանավորների պահման պայմանները, նրանց հետ վարվելու կանոնները ստուգելը:
Շիրինովը վստահեցրել է, որ Արցախի նախկին ղեկավարների համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, նրանք ամեն շաբաթ հեռախոսով զրուցում են ընտանիքի անդամների հետ, ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, կարող են օգտվել նաև մարզասրահից:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։