ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։
«Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էինք 1 մլրդ 200 մլն դրամի մուտք։ Բարձրացումը, սակայն, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե»,– նշեց Ջհանգիրյանը։
Նա ընդգծեց, որ 2022 թվականին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել այս նախագծի քվեարկությանը։ Նա նաև կոչ արեց մյուս ընդդիմադիր խմբակցություններին («Մայր Հայաստան» և «Հանրային ձայն») հետևել իրենց օրինակին։
Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է կայանման դրույքաչափերը բարձրացնելու հարցը։ Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)` 24 000 դրամ։ Այս օրինագիծը քաղաքացիների շրջանում ոչ միանշանակ ընդունվեց, շատերը դեմ են նման փոփոխություններին։