Իշխանությունները խաբեցին ինչպես Արցախի, այնպես էլ թանկացումների հարցում. Հայկ Մարության

Հայկ Մարության
Հայկ Մարությանը կարծում է, որ ինչպես 2021 թ–ին իշխանությունները չէին խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին, նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իշխանություններն ընտրությունների շրջանում չխոսեցին կարմիր գծերի թանկացման մասին, որովհետեև այդ դեպքում անգամ «Հանրային ձայնը» չէր օգնի նրանց քաղաքապետ ընտրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը։
«Պարզ է, չէ՞, ինչու չխոսեցին, նույն պատճառով, որով 2021 թ–ի ընտրություններից առաջ չէին խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էին Արցախի ինքնորոշման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ իրենց նախընտրական ծրագրում էին մտցրել այդ կետերը։ Ի՞նչ եղավ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց` մոռացան ինքնորոշում բառը, մոռացան նաև «Արցախ» բառը։ Նույն պոպուլիզմն ու նույն խաբեությունը հիմա է»,– ասաց Մարությանը։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությա ցուցակով ընտրված Հայկ Մարությանը այսօր առաջին անգամ էր եկել ավագանու նիստին` նոր ավագանու ձևավորումից ի վեր։ Լրագրողի հարցին, թե մինչև հիմա ինչո՞ւ չէր ներկայանում նիստերին, Մարությանը պատասխանեց, որ ավագանու անդամի գործառույթի 99 տոկոսը դահլիճից դուրս է, և նա հենց դրանով է զբաղված։