ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս միջոցառումները հնարավոր են դարձել բնակչության շրջանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների և օպերատիվ միջոցառումների շնորհիվ։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել զենք–զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորում են իրենց մոտ ապօրինի պահվող զենք–զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։