ՀՀ իշխանության քաղաքականության հետևում երևում են պատվիրատուների ականջները. Աջապահյան

Աջապահյանի խոսքով` ներկայիս իշխանության և կառավարության անդամներն իրենց նույնականացնում են պետության հետ, և «այդ ամբարտավանությունը բոլոր հեղափոխականներին է բնորոշ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայիս իշխանություններն ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ կրթության ոլորտում թվացյալ բարեփոխումներ ներդնելով` առաջնորդվում են իրենց դրսի պատվիրատուների պահանջներով, սակայն այդ պատվիրատուների ականջները երևում են։ Այս մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքի կիրառման անթույլատրելիությանը։
Հանել դպրոցներից 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը. եկեղեցու պահանջը ԿԳՄՍՆ–ից
Նա նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համառորեն դեմ է գնում մասնագիտական շրջանակների կարծիքին և չի կասեցնում «Հայոց պատմության» 7–րդ դասարանի դասագրքի կիրառումը, ինչից տպավորություն է, որ ներկայիս կառավարության անդամներն իրենց նույնականացնում են պետության հետ և «այդ ամբարտավանությունը բոլոր հեղափոխականներին է բնորոշ»։
Ըստ նրա` չգործակցել հայ իրականության մեջ գոյություն ունեցեղ մնայուն կառույցի` եկեղեցու հետ, խոսում է իշխանության ամբարտավանության ծայրահեղ և հիվանդագին դրսևորումների մասին»։
«Այսօրվա իշխանության հետևում երևում են իրենց պատվիրատուների ականջները , որոնք ոչ մի ընդհանրություն չունեն հայության, հայ ազգային պետության և պետականության հետ։ Իրենց պատվիրատուները դրսից են և բոլոր անցած տարիների ընթացքում ուզում էին համոզել, որ պետք է ռևիզիայի ենթարկել ողջ պատմագիտությունը և պատմագրությունը և ազատվել պատմությունից կառչվածությունից, թոթափել կոմպլեքսները, որոնցից մեկը համարում են ցեղասպանության հետ կապվածությունը և դառնալ համաշխարհային հանրության անդամներից մեկը` անդեմ և անդիմագիծ, ինչպես այսօր համաշխարհային հանրության տարբեր պետական կազմավորումներն են»,–ասաց նա։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով` ներկայիս իշխանությունը այդ նպատակներին լծված գնում է և կշարունակի գնալ, քանի դեռ այդ ընթացքը կասեցված չէ հայ հասարակության և ժողովրդի կողմից և քանի դեռ Մայր աթոռի ձայնը լսված չէ հասարակության կողմից որպես սթափեցուցիչ ձայն։
Մայր աթոռը կապ չունի Հայոց պատմության աղմկահարույց դասագրքի ստեղծման հետ. հոգևորական