ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ ապագայում նոր պայմանագիր կկնքի «Ինտեր» ակումբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված բանավոր համաձայնությունն այժմ պատրաստ է ստորագրման»,– գրել է նա սոցցանցում։
Ռոմանոն նշել է, որ նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ռոմայից» «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին։ Իտալիայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Միլանյան ակումբի կազմում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։