ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն են իրականացրել և արձանագրել բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ։
Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևանի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։
«2022 և 2023 թթ. ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ՍՊԸ–ների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում է 520 դրամով, «պրեմիում» տեսակինը` 560–570 դրամով։
Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսի 30–ին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գինը կասկածելի ցածր է։ Այս հայտարարությունից շատ չանցած գները սկսեցին բարձրանալ` հոկտեմբեր–նոյեմբերին կայունանալով մայիսյան գնից շուրջ 50 տոկոս բարձր մակարդակի վրա։