Երևանի և Բաքվի միջև պայմանագիրը կանխատեսելիության մթնոլորտ կստեղծի Կովկասում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին փաստաթղթի վրա տարվող աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքներն ավարտին հասցնելու իրենց մտադրության մասին։ Դա խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ կապահովի Կովկասում։ Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ընթացքում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել։
Պեսկովը նշել է, որ «երկու կողմերն էլ վերջին շրջանում բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքներն ավարտին հասցնելու իրենց մտադրության մասին»։
«Ռուսաստանը պատրաստ է նրանց օգնել, պատրաստ է ողջունել դա։ Մենք մեր միջնորդությունը չենք պարտադրում, բայց, անկասկած, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները (ոչ միայն ԱՊՀ շրջանակում, այլև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների առումով) հնարավորինս շուտ կնքեն այն պայմանագիրը։ Դա կապահովեր խաղաղության, կայունության, կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է մեզ համար», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հրավիրել էր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի իր գործընկերներին շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատա–պուրակային համալիրներով էքսկուրսիայի ընթացքում։ Համագործակցության երկրների առաջնորդներն այցելեցին Պավլովսկ, Ցարսկոյե Սելո և Պետերգոֆ։ Այնուհետև ոչ պաշտոնական զրույց կայացավ Կոնստանտինովյան պալատում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին էր ուղարկել իր պատասխանը խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված վերջին առաջարկներին։ Ինչպես հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է կողմերի հանդիպում անցկացնել 2024 թվականին։ Բայրամովն ընդգծել էր, որ վերջին շրջանում իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, սակայն իրական գործողություններ են սպասում Հայաստանից` կապված խաղաղության գործընթացի հետ։