Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը

Երևանի քաղաքապետարան
«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, իսկ «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրային ձայնը» կողմ քվեարկեցին նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։
Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։
«Եթե շատ է, թող չկայանեն». քաղաքացիները` «կարմիր գծերի» սպասվող վճարի մասին
Օրինագծի կետերից մեկը վերաբերում է կարմիր գծերին։ Համաձայն դրա` 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ։
Կարմիր գծերի թանկացումից Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 150 մլն դրամ եկամուտ է ակնկալում