Երևանի ավագանին հաստատեց 2024 թ. բյուջեն

Երևանի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է 4 մլրդ դրամ հատկացնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին 32 կողմ, 4 դեմ ձայներով ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագծի որոշումը։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։
«Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 124 մլրդ 639 մլն դրամ։ Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 61 մլրդ 514 մլն դրամ։ ՀՀ պետական բյուջեից տրամադրված դոտացիաների գծով նախատեսվել է 14 մլրդ 136 մլն դրամ, այսինքն` 2023 թ. հաստատված ցուցանիշից 706 մլն դրամով ավելի։ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը ծրագրվել է 124 մլրդ 917 մլն դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի 85.5 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին»,– նշեց Արևշատյանը։
Երևան քաղաքի 2024 թ. բյուջեի դեֆիցիտը 278 մլրդ 452 մլն դրամ կլինի։
Նա շեշտեց, որ բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին հատկացվել է 70 մլն 610 հազար դրամ, տնտեսական հարաբերություններին` 30 մլրդ 480 մլն դրամ (խոշոր ծրագրերից են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգումը)։ Առողջապահության ոլորտին հատկացվելու է 343 մլն դրամ։
Երևանի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ հատկացնել, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ։
Գումարներ են հատկացվելու նաև հանգստի գոտիների, զբոսայգիների ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, թեքահարթակների կառուցման, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և մի շարք այլ նախագծերի իրականացման համար։