ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ նախագահությունը պետք է ՀՀ–ին։ Ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Սանկտ Պետերբուրգում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ 2024 թ. հունվարի 1–ից ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ–ից անցնում է ՀՀ–ին։
«Մենք ՌԴ–ի հետ գտնվում ենք տնտեսական նույն միության մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, և մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի տնտեսական այդ գոտու նախագահությունը մենք ստանձնենք. դա պետք է ՀՀ–ին»,– ընդգծեց նա։
Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը հետքայլ է ԵՄ–ի հետ հարաբերություններում։
«Ես, օրինակ, չմեկնեցի ՀԱՊԿ վեհաժողովին, քանի որ նրա գործունեության հետ կապված մինչ օրս մենք վերապահումներ ունենք։ ՀՀ–ն շարունակելու է հետապնդել իր շահերը. եթե դա պետք է տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ, եթե ոչ, ապա ինչպես այս տարվա ընթացքում եղավ մի քանի անգամ, չենք գնա»,– վստահեցրեց ՀՀ ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներով շրջայցի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին հրավիրել է շփման: