ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք հիմա ամենամոտն ենք դրան, և ես լիահույս եմ, քանի որ ակտիվ փոխանակվում են տարբերակները, և կառուցողական քննարկում է գնում»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով` առ այն որ նրանք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Ինչ վերաբերում է կողմերի չստացվող հանդիպումներին` ապա ԱԺ խոսնակը չհերքեց, որ դա խնդիր է, բայց հավելեց, որ քննարկումնները շարունակվել են և շարունակվելու են։
Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարին հպուսադրող է եզրափակվում թե խաղաղության գործընթացի, թե գերիների վերադարձի առումով։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023-ի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկներին: