Ավինյանը Երևանում կայանման վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է համարում

Երևանի քաղաքապետը շեշտեց` կարող են սպասել ևս մեկ տարի, 10 կամ 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում, ժամանակ կորցնել պետք չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է կայանման դրույքաչափերը բարձրացնելու հարցը։ Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)` 24 000 դրամ։ Այս օրինագիծը քաղաքացիների շրջանում ոչ միանշանակ ընդունվեց, և շատերը դեմ են նման փոփոխությունների։
«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,– օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:
Քաղաքապետը շեշտեց, որ, իհարկե, կարող են սպասել ևս մեկ տարի, 10 տարի, 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում և չեն ցանկանում կորցնել ևս մեկ տարի։ Նա նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ (ավտոբուսների և միկրոավտոբուսների համար,– խմբ.)։
«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշեց, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար։
«Մեր քաղաքը բոլորս շատ ենք սիրում, բայց այն պետք է քաղաքացիների համար հարմարավետ դարձնել։ Պետք է այդ հարցերը լուծենք, հետո նոր ճեմուղիներին, մետրոներին և թանկացումներին անդրադառնանք»,– նշեց Թորոսյանը։
Տիգրան Ավինյանն ընդգծեց` քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց համար, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա` չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։
Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» վճարը կարող է դառնալ տարեկան 160 000 դրամ