ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նամականիշի վրա պատկերված են կոմպոզիտորի ստորագրության անգլերեն տարբերակը, Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված լոգոտիպը, «Արամ Խաչատրյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: