ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ընդունում է երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստներիի առցանց դիմումների ընդունումը, որոնց հաստատվելու դեպքում նպաստների տրամադրումը կունենա հետադարձ ուժ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Կհաշվարկվի հոկտեմբերի 1–ից սկսված, ու ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված իրենց նպաստները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է մայրության նպաստին, ապա դա ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է դիմումը ոչ թե օնլայն լրացնեն, այլ մոտենան միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում, ներկայացնեն մայրության (դեկրետային) արձակուրդի փաստաթղթերը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բոլոր տեսակի նպաստները ստանալու համար ՀՀ–ում հաշվառում ունենալը պարտադիր պայման է։
Իսկ 3–րդ և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։