ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը 2023-ի 10 ամսում կազմել է 83,7 մլրդ դոլար. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ ղեկավարը նշել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Համագործակցության շրջանակում գործընկերների հետ՝ փոխադարձ հաշվարկներում առավել ակտիվորեն ազգային արժույթներին անցնելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը 2024 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է առավել մեծ ուշադրություն դարձնել համագործակցության շրջանակներում տնտեսական կապերի խորացմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կոնստանտինովյան պալատում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ անցնող տարում Համագործակցության երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցել:
«10 ամսվա տվյալներով՝ այն աճել է 2 տոկոսով և կազմել 83,7 մլրդ դոլար»,-ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Համագործակցության շրջանակում գործընկերների հետ՝ փոխադարձ հաշվարկներում առավել ակտիվորեն ազգային արժույթներին անցնելու օգտին։
«Համոզված ենք, որ դա թույլ կտա առավել հուսալիորեն ապահովել մեր պետությունների տնտեսական և ֆինանսական ինքնիշխանությունը»,-կարծում է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես Համագործակցության նախագահ, կփորձի կառուցողական համատեղ աշխատանք կատարել ընդհանուր եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման համար, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության, անդրսահմանային հանցավորության և թմրանյութերի ապօրինի շրջանառության, կոռուպցիայի դեմ պայքարում:
Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի իր գործընկերներին հրավիրել էր շփվել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներով էքսկուրսիայի ընթացքում: ԱՊՀ երկրների ղեկավարները եղել են Պավլովսկում, Ցարսկոյե Սելոյում և Պետերգոֆում։