ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը խոսում էր սննդով ապահովված լինելու մասին, առաջարկել է ագահություն չանել և կիսվել ձվերով, եթե իր երկրում դրանք շատ են:
Զավեշտալի երկխոսությունը տեղի է ունեցել Լուկաշենկոյի ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ Բելառուսը գրեթե 100 տոկոսով ծածկում է հացահատիկի, խոզի մսի, թռչնամսի, կաթի, բանջարեղենի, բուսական յուղերի և այլ ապրանքների իր պահանջները։ Մի փոքր դադարից հետո նա հիշել է նաև ձվերի մասին։
Հիշեցնենք` տարեսկզբից Ռուսաստանում ձուն թանկացել է ավելի քան 40 տոկոսով, միայն նոյեմբերին այն թանկացել է 15 տոկոսով։ Պուտինը հրապարակավ ներողություն է խնդրել քաղաքացիներից նման իրավիճակի համար և մեղադրել է դրանում կառավարությանը, որը սխալ է թույլ տվել։
Գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի խոսքով՝ խնդիրների պատճառը հավի և ձվի մսի պահանջարկի անսպասելի աճն է, որն արտադրողները չեն կարողացել հաղթահարել: Նա խոստացել է, որ ապրանքի արժեքը կսկսի նվազել Ամանորից հետո, երբ երկիր կսկսեն ակտիվորեն ձու ներկրել արտասահմանից, առաջին հերթին՝ Թուրքիայից, որի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանից Ռուսաստան արդեն ներկրվել է 72 տոննա ձու (1,2 մլն հատ): Այդ ուղղությամբ մատակարարումների մասին կողմերը պայմանավորվել էին դեռ նոյեմբերին։