ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Շուրջ 7 հազար միգրանտներ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին որոշել են լքել մեքսիկական Չյապաս նահանգն ու շարժվել դեպի ԱՄՆ–ի սահման։ Տեղեկությունը հայտնում է «Jornada» թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, միգրանտները «Ելք աղքատությունից» կարգախոսով Տապաչուլայից շարժվել են դեպի ափամերձ մայրուղի` հյուսիս ուղևորվելու համար։
Թերթի տվյալներով` ԱՄՆ–ի սահման շարժվող մարդկանց թվում եղել են միգրանտներ Գվատեմալայից, Հոնդուրասից, Սալվադորից, Նիկարագուայից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Պերուից, Վենեսուելայից, Էկվադորից, Կուբայից, Հայիթից, Դոմինիկյան Հանրապետությունից, Պակիստանից, Բանգլադեշից, Չինաստանից և Հնդկաստանից:
Նրանք ասել են, որ այդ քայլին են դիմել հուսահատությունից, քանի որ արդեն մի քանի ամիս սպասում են օրինական միգրացիոն կարգավիճակ ստանալու պատասխանին։