ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը հաստատուն որոշում է կայացրել արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին, մասնավորապես՝ Մոսկվայից որոշակի իմաստով հեռու մնալու մասով, հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վրացական «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ հետ։ Նրանք խնդրում են էլ ավելի մեծ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերություններում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ավելացում։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումները», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրին, ապա Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ում լավատեսորեն են տրամադրված: Նա հիշեցրել է, որ Սկոպյեում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Մեր կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում, շատ լավ է։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք բխում էին ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ԵՄ-ից, ինչպես նաև Երևանի և Բաքվի երկկողմ ջանքերից», - ասել է Կոլոմինան։
Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքերը Կովկասում խաղաղություն ապահովելու համար ոչ միայն այն աշխատանքի շրջանակում, որն իրականացնում է դաշինքը Վրաստանում, այլև կայունության համար, որը կարող է տարածաշրջանին բերել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը: