Հրատապ ջանքեր պետք է գործադրել. ՀՀ ԱԳ փոխնախարարը` ԼՂ–ի հայկական ժառանգության մասին

Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման, և միջազգային հանրությունը պետք է հրատապ ջանքեր գործադրի։ Այս մասին Թեհրանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Նա ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։
«Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի»,–ասել է նա։
Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:
Նա հույս է հայտնել, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներով հնարավոր կլինի նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։