ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխությունը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր մրցանակին է արժանացել մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից։
Սևադա Խոջաբաղյանը Գորիսում փոքրիկ դպրոց է հիմնել, որտեղ իր իսկ մեթոդներով կրթում է մաթեմատիկայով հետաքրքրված երեխաներին, սովորեցնում ալգորիթմական մտածողություն։ Աշխատանքից դուրս սիրում է նաև այգեգործություն. պլաստմասե շշերից ու չօգտագործվող լուսամուտներից պատրաստել է ջերմոցներ, որտեղ միրգ ու բանջարեղեն է աճեցնում։
«Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխությունը
Մրցանակներ շնորհվել են նաևՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին՝ կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանին, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանին, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի հիմնադիր Աննա Մարգարյանին, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանին, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանին, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հիմնադիրներ Հայկ Երանոսյանին և Սիրարփի Խոջաբաղյանին, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանին, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանին, քանդակագործ, «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանին, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանին, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանին, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանին:
2022 թ. «Մեր ժամանակների հերոսը» մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել էր էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:
2020-ին էլ մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին էր արժանացել խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։