Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ-ն ընկալել որպես տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կազմակերպություն։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնում է 2024 թվականին, երբ լրանում է կազմակերպության 10-ամյակը, որի հիմնարար սկզբունքը ԵԱՏՄ–ի տնտեսական բնույթն է:
Նրա խոսքով` Հայաստանը ձգտում է կանխել եվրասիական ինտեգրացիան քաղաքականացնելու բոլոր փորձերը։
«ԵԱՏՄ - ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցված լինեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով: Դա կհանգեցնի ԵԱՏՄ–ի հիմնարար սկզբունքների կոռոզիային», - հայտարարել է նա։
Հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որի հիմքում ընկած են կազմակերպության զարգացման գերակա ուղղությունները: