Sputnik, Վադիմ Պավլով
Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրմամբ ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ առևտուրը կարող է կարճ ժամկետում զգալիորեն աճել. մաքսատուրքերի իջեցումը կվերաբերի ապրանքային խմբերիշուրջ 90%-ին և միության անդամ երկրներից մատակարարումների ավելի քան 99%-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին համաձայնագիր են կնքել:
Առևտրի աճի ներուժ
«Տրամաբանական առաջին նշաձողը, որով մենք առաջնորդվում ենք, շուրջ 18-20 մլրդ դոլարն է, ինչին լիովին կարելի է հասնել տեսանելի հեռանկարում... Մոտ հինգ-յոթ տարում», - ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նրա խոսքով՝ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրմամբ ԵԱՏՄ անդամ երկրների մատակարարների համար Իրան ներմուծման միջին տուրքը կգտնվի 4,5 տոկոսի մակարդակում, այն դեպքում, երբ սովորական տուրքը մոտ 30 տոկոս է կազմում: «Դա նշանակում է, որ տուրքերի մասով տարեկան 380 միլիոն դոլարի խնայողություն կլինի», – նշել է Սլեպնյովը։
Իրանական ապրանքների համար միջին սակագինը նույնպես կնվազի՝ 6,6%-ից հասնելով 0,8%-ի:
ԵԱՏՄ-ն Իրանին կմատակարարի ցորեն, եգիպտացորեն, ոչխարի միս, թռչնամիս, մետալուրգիական ապրանքներ։ Բացի ավանդական միրգ–բանջարեղենից, ընկուզեղենից, Իրանից կներկրվեն նաև նավաշինության և ավտոմոբիլաշինության ոլորտների համար նախատեսված ապրանքներ: Հնարավոր է ավելացնել արդյունաբերական և ագրարային արտադրանքի, ինչպես նաև տեքստիլի մատակարարումները։
Բացի այդ, կզարգանա այլ ոլորտների համագործակցությունը՝ հանքարդյունաբերություն, էներգաարդյունավետություն և «կանաչ աճ», հետազոտություն և նորարարություն, կրթություն, բժշկություն, հեռահաղորդակցություն:
Տնտեսություն, տրանսպորտ և աշխարհաքաղաքականություն
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի տնտեսական տեսության ամբիոնի դոցենտ Եկատերինա Նովիկովայի խոսքով` կողմերն ավելի մեծ հնարավորություններ են ստանում տնտեսական և առևտրային փոխգործակցության տեսանկյունից` ներառյալ տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ներդրումային նախաձեռնությունները, մի քանի պետությունների ջանքերով պարենային անվտանգության ապահովումը և փոխգործակցության այլ հավասարապես կարևոր ոլորտներ։
«ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև համագործակցության բարձրացումը ձեռնտու է բոլոր կողմերին, - ընդգծել է ԱԿՌԱ սուվերեն և տարածաշրջանային վարկանիշների խմբի տնօրեն Միխայիլ Նիկոլաևը։ - ԵԱՏՄ երկրների համար դա առաջին հերթին տրանսպորտային միջանցքների ընդլայնումն է, «ելք» դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Այս համաձայնագիրը, ըստ էության, «կեզրափակի» «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը։
Ըստ փորձագետի` այդ համաձայնագրից էական առավելություններ պետք է ստանա Հայաստանը՝ որպես Իրանի հետ անմիջապես սահմանակից երկիր։
«Ֆինամ» դաշնային պետական ձեռնարկության վերլուծաբան Նիկոլայ Դուդչենկոյի խոսքով` Արևմուտքի կողմից իրականացվող խստագույն սահմանափակող քաղաքականության պայմաններում պատժամիջոցների տակ գտնվող երկրների ավելի ընդգրկուն համագործակցությունը տրամաբանական և հետևողական քայլ է, քանի որ անխուսափելի է դառնում գործունեության արտադրական և գիտական ոլորտների (ՏՏ, դեղագործություն և այլն) շրջանակում համագործակցության ընդլայնումը։
Փոխշահավետ համագործակցություն
Խոսելով ԱԱԳ-ի մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին՝ «Ռիկոմ-տրաստ» ընկերության վերլուծական բաժնի պետ Օլեգ Աբելևը նշել է, որ կողմերը փոխադարձաբար շահագրգռված են մի շարք հարցերում` օգտակար հանածոներ, գյուղմթերք, զբոսաշրջային և տրանսպորտային ծառայություններ։
Կասպիական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կարավաևը Sputnik-ի հետ զրույցում նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կհանգեցնի ապրանքաշրջանառության ավելացման և Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև արդյունաբերական կոոպերացիայի մեկնարկի։
Օրինակ, ըստ նրա, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ իրանական և ռուսական ձեռնարկությունները կարող են միմյանց համար պահեստամասերի մատակարարներ դառնալ: «Խոսվում է նաև տարբեր ձեռնարկությունների՝ միմյանց շուկաներ դուրս գալու պլանները։ Iran Khodro-ն արդեն սկսել է դուրս գալ ռուսական շուկա, իսկ AvtoVAZ-ը, տարբեր հաղորդագրությունների համաձայն, բանակցություններ է վարում Իրանում մեքենաների հավաքման մեկնարկի շուրջ։ Հաղորդվում էր նաև Իրանում «Կամազի» գործունեության ընդլայնման ծրագրերի, այդ թվում՝ նոր մոդելների մատակարարումների ավելացման մասին», – ասել է Ալեքսանդր Կարավաևը։
Ավտոմոբիլաշինությունից բացի, նրա խոսքով, համագործակցության աճ է հնարավոր ավիացիոն ոլորտում, օրինակ` խոսքը կարող է վերաբերել ռուսական այն ավիապարկի վերանորոգմանը, որն այսօր «փակված» է Ռուսաստանի ավիարդյունաբերության դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով (պահեստամասերի մատակարարման համար և այլն): Իսկ նավաշինության հարցում, ընդհակառակը, Իրանին կարող է օգնել Ռուսաստանը, չէ՞ որ ռուսական նավաշինական ճյուղն առաջատարն է Կասպյան տարածաշրջանում։
ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի գլոբալ հետազոտությունների ինստիտուտի գիտական ղեկավար Ալեքսանդր Իլյինսկու կարծիքով` համաձայնագիրը զգալի հեռանկարներ է բացում կողմերի միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար:
«Իրանն իր սպառման և ներդրումների մեծ ներուժով կարող է զգալի հնարավորություններ տալ միության երկրների էքսպանսիայի և նոր շուկաների որոնման համար», – ասել է փորձագետը:
Իրանի հետ համագործակցությունը, որն աշխարհում նավթի և գազի խոշորագույն արտադրողներից է, կարող է ԵԱՏՄ երկրներին էներգետիկ ռեսուրսների հասանելիություն տրամադրել ավելի շահավետ պայմաններով և նպաստել սեփական էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացմանը:
Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերից գործում էր ժամանակավոր համաձայնագիր, որի շրջանակում կողմերն անցել են առևտրի արտոնյալ պայմանների. սակագնային արտոնություններ են ստացել շուրջ 360 ապրանքատեսակներ, ինչը թույլ է տվել ավելի քան երկու անգամ (2019 թվականի 2,45 միլիարդ դոլարից մինչև 2022 թվականի 6,2 միլիարդ դոլար) մեծացնել առևտուրը՝ չնայած համավարակին և Մոսկվայի, Մինսկի և Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներին։
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի և Սերբիայի հետ։ Ավելի վաղ նույնպիսի համաձայնագիր էր ստորագրվել նաև Սինգապուրի հետ, սակայն այդպես էլ չի վավերացվել: