«Արթիկ» ՔԿՀ-ում խնդիրներ են արձանագրվել․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել

Այցի արդյունքները պետք է ամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրների առնչությամբ գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվելու են և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ հասցեագրվելու իրավասու մարմիններին։