ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
X սոցցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գյոքսուն շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 11,46 կմ խորության վրա:
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Երկրաշարժերի զոհ էր դարձել ավելի քան 50 հազար մարդ։