ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանում արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Խաշուրի–Ախալցխա–Վալե (Թուրքիայի հետ սահման–խմբ.) և Ախալցխա– Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման–խմբ.) միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին»,– ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նշված մայրուղիներում արգելվում է 30 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ներկայումս փակ է Վրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարս անցակետը: