ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ «բազմաթիվ» հարձակումներ է արձանագրել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ և պատասխան կրակ է արձակել, նաև հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի շարք ռազմական թիրախներին: Տեղեկությունը նշված է իսրայելական բանակի Telegram-ալիքում։
«Այսօր ավելի վաղ բազմաթիվ հարձակումներ են գրանցվել Իսրայելի հյուսիսում գտնվող Կերեն-Նաֆթալի շրջանի ուղղությամբ։ ՑԱԽԱԼ-ը պատասխան կրակ է բացել։ Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» մի շարք ռազմական թիրախներին, այդ թվում՝ ահաբեկիչների ենթակառուցվածքներին, ռազմական կառույցներին և արձակման կայանքներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: