ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. դեկտեմբերի 7–ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է 2 171 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 100 անձ: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից նշել են, որ տվյալները տրամադրել են` հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալները՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերը։
Ըստ այդմ`վարորդների միավորների սպառման հետևանքով 2020 թ. ընթացքում կասեցվել է 2175 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 7 անձ:
2021 թ. ընթացքում կասեցվել է կրկնակի շատ վարորդական իրավունքի վկայական` 4809, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 114 անձ:
2022 թ. ընթացքում վարորդական իրավունքի վկայականի կասեցման դեպքերը մի փոքր նվազել են` կազմելով 2522, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 145 անձ:
Հիշեցնենք, որ բալային համակարգը գործում է 2020 թ. հունվարի 1–ից։ ՀՀ–ում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 տուգանային միավորի սահմանաչափ:
Մոտ 100 հնարավոր խախտումներից տուգանային միավորները հանվում են 25 ամենալուրջ խախտումների համար: Եթե տարվա ընթացքում վարորդը սպառեց բոլոր 9 միավորները, ապա նրան կես տարով զրկում են մեքենա վարելու իրավունքից: Դրանից հետո նա կստանա նոր 9 միավոր: Եթե մինչև տարեվերջ նա այս բալերը ևս սպառի, նրան արդեն մեկ տարով են զրկում իրավունքներից, իսկ մեքենա վարելու իրավունքը վերականգնել կթույլատրվի միայն քննություն հանձնելուց հետո։