ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի և Ավստրիայի անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել իսլամիստների դեմ, որոնք,կ ըստ նրանց, ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստում Սուրբ ծննդյան տոներին, այդ թվում՝ Քյոլնի տաճարում: Տեղեկությունը գրում է Bild պարբերականը։
Հաղորդվում է, որ բացի Ավստրիայից և Գերմանիայից, ահաբեկչական խմբի անդամները կարող էին հարձակում նախապատրաստել նաև Իսպանիայում: Քյոլնի տաճարում գերմանական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել՝ համոզվելու համար, որ վտանգավոր առարկաներ չկան։
Պարբերականի տեղեկություններով՝ մի քանի մարդ ձերբակալվել է Վիեննայում, ևս մեկը՝ Գերմանիայի արևմուտքում գտնվող Սաար դաշնային տարածքում։
Պարբերականը հայտնում է, որ ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք համագործակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Վիլայաթ Խորասանի» (արգելված է ՌԴ-ում) հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հրաձգությունը տեղի էր ունեցել ։ Ավելի քան 15 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորում են ստացել։ Ինչպես հայտարարել են Պրահայի իշխանությունները, հարձակում իրականացրած անձն ինքնասպան է եղել։ Չեխիայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հրաձգության և միջազգային ահաբեկչության միջև որևէ առնչության ապացույցներ չունի։