ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ոստիկանության ծառայողն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությանը, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ, մի շարք այլ անձանց ևս ներգրավել։ Նման բացահայտում է արել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը։
Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրականացված ծառայողական քննությամբ մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ոստիկանության ծառայողն ընկերությանն անդամագրվել է 2023 թ. մայիսի 31-ին։
Իր անվամբ բացված «դրամապանակի» միջոցով նա նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:
Այսպիսով, ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ։
Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: