79 տարի բեմում, 870 համերգ հայրենիքից դուրս ու բազմաթիվ համերգներ մինչ օրս. շուտով Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը կդառնա 95 տարեկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում դիրիժորն ասում է` 95 տարեկանն ընդամենը թիվ է, որին կա՛մ մարդիկ հասնում են, կա՛մ ոչ, շատերն այդ տարիքում «խելքը թռցնում են», բայց դա իր մասին չէ։
«Ես հանգած հրաբուխ չեմ։ 1944 թվականից մինչև հիմա բեմում եմ։ Այժմ երազում եմ ազատ ժամանակի մասին, որովհետև շատ խիտ է գրաֆիկս։ Իրականում առանց հոգնելու ոչ մի լավ բան չի լինում։ Այս ամենում հաճելին այն է, որ երբ համերգը վերջանում է, ժողովուրդը քեզ լավ է ընդունում»,–նշում է նա։
Չեքիջյանը ծնվել է Թուրքիայում` Ստամբուլ քաղաքում, 1928 թվականի դեկտեմբերի 23–ին։
«Շատ անբախտ է այն մարդը, որը հայ է ու Թուրքիայում է ծնվում։ Թուրքիայում ծնված հայը ինչ պետք է լինի, օրինակ` Անգլիայում ծնվելը երջանկություն է։ Մինչև այսօր էլ թուրքերի մեջ նստած է «հային վատ բան անելը դրախտի ուղեգիր է» գաղափարը»,–ասում է նա։
Սակայն հայրենիք գալուց հետո էլ իր համար հեշտ չի եղել։ Դժվար էր հենց տեղափոխվելը, 1961 թվականին Թուրքիայից Հայաստան գալը կարելի է ասել անհնար էր, «երկաթ վարագույր» կար։ Այնուամենայնիվ հայրենիքում էլ մի ուրիշ «դժբախտություն» կար` ախպարի դրոշմը։
Հովհաննես Չեքիջյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
© Sputnik / Andranik Ghazaryan
«Տարիների ընթացքում այդ կնիքը մեղմացավ, բայց չանցավ։ Դե ես էլ ախպար եմ էլի, տեղացիներից էլ տարբերվում եմ ամեն ինչով` կենցաղով, խոսակցականով»,–խոստովանում է Չեքիջյանը։
Այնուամենայնիվ Թուրքիայի հետ կապված դիրիժորը նաև լավ հիշողություններ ունի։ Հայրը եղել է Կոմիտասի սաներից, և խմբի անդամները հաճախ էին հավաքվում իրենց տանը, երգում այնպես, ինչպես վարդապետն է իրենց սովորեցրել։
Տարիներ անց էլ համերգային ծրագրերով է նա Թուրքիայում եղել` 4 անգամ երգչախմբով հանդես է եկել այնտեղ։ Ասում է` սիրված մարդ է այնտեղ, թուրքական թերթերն իր այցերի ժամանակ անդրադարձել են և անգամ հպարտացել, որ Չեքիջյանը Ստամբուլում է ծնվել։
95–ամյա դիրիժորի համար այսօր ամենամտահոգիչ հարցերից է թուրքական մուղամի և ռաբիսի այդքան տարածված լինելը հայկական երգարվեստում։ Իրականում ամբողջ աշխարհում է որակյալ երաժշտության ճգնաժամ, սակայն Հայաստանում դա առվել քան արտահայտված է։ Նշում է` կար ժամանակ Կոմիտասն արգելված էր, իսկ հիմա ազատ է ամեն ինչ, բայց այդ ազատության մեջ կա ուրիշ վտանգ, այդ մուղամների մեջ, ռաբիս կոչեցյալի մեջ կա օտար ազդեցություն, որը չպետք է լինի, և դրա դեմ ցավոք պայքարող չկա։
«1961 թվականին, որ նոր էի եկել, առաջին տպավորությունս էր, որ Հայաստանի բնակիչները Բաքվի երաժշտություն էին լսում, Խանլարովան որ գալիս էր, խոշոր իրադարձություն էր։ Կամաց– կամաց մարդիկ դադարեցին Բաքվի երաժշտությունը լսել, քանակը քչացավ, և դա եղավ առանց հրամանի, ժողովուրդն ինքը հասկացավ, որ դա իրենը չէ։ Իսկ հիմա ուզում են նորից վերադառնալ։ Մեր ազգայինը պետք է մեր հոգում միշտ լինի, չենք կարող հրաժարվել ու օտար բաներ լսել։ Հարցն այնտեղ է հասել, որ մարդ կա, որ ասում է մուղամը հայկական է, և Կոմիտասը փոխել է, սա սխալ բան է»,–ասաց նա։
Բայց դասական լսելն էլ, ըստ Չեքիջյանի, ամենքին տրված չէ` ծառը, եթե ծուռ է աճել, դժվար է այն ուղղելը։
Ինքն էլ այս ճանապարհը միանգամից չէր ընտրել։ Իրականում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարը քիմիկոսի որակավորում ունի։
«Հայրս այնպիսի մարդ էր, որ իր խոսքը չէի կարող անտեսել։ Ֆրանսիայում ավարտեցի գիտահետազոտական ինստիտուտը, քիմիկ–ինժեների որակավորում ստացա, բայց չսիրեցի այդ կյանքը, նախընտրեցի բեմը։ Այսօրվա խելքս լիներ, իհարկե կհամաձյնեի, որովհետև այնտեղ փող կա, այստեղ չէ»,–կատակով հավելում է Չեքիջյանը։
95–ամյակ Չեքիջյանը երկարակեցության գաղտնիք չունի, մարզանքը դիրիժորությունն է, սիրված է ու գնահատված հանդիսատեսի կողմից, բայց կարծում է, որ իր վաստակն ունեցող մարդը պետք է ավելի գնահատված լինի պետության կողմից։