ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շեշտել է, որ Չեքիջյանի ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:
Վարչապետը շեշտել է, որ որպես արժանավոր արվեստագետ՝ Չեքիջյանը նշանակալի ավանդ ունի հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում:
«Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը: Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ, սիրելի մաեստրո, ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել»,–ասվում է վարչապետի ուղերձում:
Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։