ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումները։ Օրինակ՝ առաջարկվում է կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ։
«Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից, մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը»․ տնտեսվարողները սոցցանցերի տարբեր էջերով գովազդ են իրականացրել՝ ներկայացնելով իրականությանն առերևույթ չհամապատասխանող տեղեկություններ։
Դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունվել վարույթ հարուցել՝ իրավախախտումների հատկանիշների առկայությունը պարզելու համար։