ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 8-ին Երևանի Աշխաբադի փողոցից ձերբակալված և ոստիկանություն տեղափոխված քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված:
Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ ընդհանուր 2.43 գրամ քաշով բյուրեղային զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է:
Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների իրացման մի քանի դեպքեր, ինչպես նաև ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը։
«Դեկտեմբերի 8-ին հիշյալ քաղաքացին իր ծանոթ Ն․Մ․–ին բջջային հավելվածով զրույցի ընթացքում առաջարկել է իրեն մեթամֆետամին տեսակի թմրամիջոց վաճառել։ Վերջինս, ընդառաջ գնալով առաջարկին, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի 2.43 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց և նույն օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր տան մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 70 000 ՀՀ դրամով այն ապօրինի իրացրել»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Պարզվել է նաև, որ Ն․Մ․–ն, Մ․Կ․–ի հետ նախնական պայմանավորվածությամբ, ուղևորվել է Սևան քաղաքում գտնվող մեկ այլ անձի՝ Գ․Ա․–ի տուն։ Այնտեղ վերջինս 29.38 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը Մ․Կ․–ին հանձնելու նպատակով մրգերի, պահածոների փաթեթի հետ փոխանցել է Ն․Մ․–ին։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերջինս դեկտեմբերի 15-ին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Պարզվել է նաև, որ Մ․Կ․–ն ապօրինի իրացնելու նպատակով ձեռք է բերել և Առինջ գյուղի իր տանն ապօրինի պահել ընդհանուր 4.12 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց։ Դեկտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ տանը կատարված խուզարկությամբ այն հայտնաբերվել է:
Վերոնշյալ 4 անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։
Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։