ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի գնահատականներով` ամերիկացի սպառողներն այս տարի ամանորյա նվերների վրա մոտ 960 մլրդ դոլար կծախսեն, սակայն ապրանքների վերադարձը կարող է հասնել վաճառքի գրեթե 20%-ին։ Հիմնականում դա տեղի է ունենում սխալ նվերներ ընտրելու պատճառով, նշում է Արևմտյան Վիրջինիայի համալսարանից նվերների հոգեբանության մասնագետ Ջուլիան Ջիվին, փոխանցում է Science News-ը։
Շատ հաճախ մենք չափազանցնում ենք նվերների հետ կապված չգրված կանոնների նշանակությունը։ Դրանցից մեկն այն է, որ չի կարելի նվիրել օգտագործված իրեր (չնայած որոշ դեպքերում ստացողի համար դա էական չէ, օրինակ, եթե նրա սիրած գիրքն է): Հաջորդն այն է, որ նվերը պետք է գեղեցիկ փաթեթավորված լինի, նույնիսկ եթե դա թանկ հաճույք է։ Օրինակ, 50 դոլար արժողությամբ նվերի 10 դոլարը կարող է փաթեթավորման վրա ծախսվել, թեև ստացողը, թերևս, կգերադասեր, որ 50-ն էլ նվերի վրա ծախսվեր։
Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում ոչ նյութական նվերների աճող ժողովրդականությանը: Դա կարող է լինել ցուցահանդեսի տոմս, խոհարարության դասընթացների բաժանորդագրություն, ուղևորություն դեպի էքստրիմ-պարկ` այն ամենը, ինչը մեզ համար նոր հույզեր է ապահովում։ Դրա համար անգլերենում հայտնվել է experiential gifts անվանումը, այսինքն` փորձառություններ տվող նվերներ (կապված գիտելիքների, զգացողությունների և այլնի հետ):
Առայժմ մեզնից շատերը գերադասում են հենց այդպիսի նվերներ ստանալ, բայց երբ նվիրելու մեր հերթն է, գերադասում ենք նյութական նվերներ տալ։ Նրա կարծիքով` պատճառն այն է, որ նվիրելիս մեզ համար կարևոր է անակնկալի էֆեկտն ու «վաու՜» արձագանքը, իսկ երբ մենք ենք նվեր ստանում, մեզ համար ավելի կարևոր է դրա երկարաժամկետ ազդեցությունը: