Գյումրիում ձյուն է տեղում. ի՞նչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Եվ այսպես.
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում, Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի շրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Հիշեցնենք` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: