ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։ Այսպես է արձագանքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
Նշենք, որ քիչ առաջ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը՝ ստանալով նիստին մասնակցող 23 ակումբներից 20-ի ձայները։ Մյուս թեկնածուի՝ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկեցին ընդամենը 3-ը։
«Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն»,- ընդգծված է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ ակումբից նշում են, որ վերջին շաբաթները վստահություն են տվել, թե կարելի է ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ակումբից հիշեցնում են, որ Օզբիլիսին աջակցել են ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները՝ Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը:
«Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար: Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ֆուտբոլային ակադեմիայի 34 թիմ, ինչպես նաև Առաջին լիգայի և Պրեմիեր լիգայի թիմերը չեն մասնակցի հաջորդ մրցաշրջանին, եթե ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը։