Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհ. արխիվային լուսանկար
Վերին Լարսի ճանապարհը պարբերաբար փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցկակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputunik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: