ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի վարչապետ, իշխող Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդան քաղաքական հանգանակությունների հավաքման ժամանակ ֆինանսական հաշվետվությունների խախտման հետ կապված սկանդալի ֆոնին վերադասավորումներ է արել իշխող կուսակցության ղեկավար կազմում։
Նախկինում հրաժարական տված Կոիտի Հագիուդայի փոխարեն քաղխորհրդի նոր ղեկավար է դարձել կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կիսաբուրո Տոկային։ Քաղխորհրդի ղեկավարը կուսակցության առանցքային կերպարներից մեկն է, որը համակարգում է Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության առաջարկած քաղաքականությունն ու օրինագծերը։
Խորհրդարանի հետ փոխգործակցության գծով կուսակցական կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Յասուկաձու Համադան։
Նշենք, որ Ճապոնիայի իշխող կուսակցությունում սկանդալ բարձրացավ, երբ տարբերություն հայտնաբերվեց Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի և խոշոր կուսակցական գործիչ Տոսիրո Նիկայի խմբակցությունների հաշվին ստացված իրական միջոցների և գումարների միջև, որոնք նշված էին հաշվետվության մեջ։ Հետագա հետաքննությունը, որը վարում է Տոկիոյի դատախազության հատուկ բաժինը, ցույց տվեց, որ տարբերությունը ստացել են պատգամավորները, որոնք դա չեն նշել որպես եկամուտ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեև ավելի փոքր ծավալներով, սակայն եկամուտները թաքցրել է նաև վարչապետ Կիսիդայի խմբակցությունը, որը նա հապճեպ լքեց նախորդ շաբաթ։