ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Միս-մսեղիքի շուկայում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներից ամենաշատը մսի վրա դրոշմակնիքի բացակայությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ամանորյա տոներին ընդառաջ իրացման ցանցում սկսած վերահսկողությունը մսի սպանդանոցային ծագման նկատմամբ արձանագրել է հետևյալ խախտումները. մսի վրա չի եղել դրոշմակնիք (55 %), բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը (33 %), բացակայել է տեղեկատվական թերթիկը (12 %)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Իսկ եթե բացակայում է անասնաբուժական 5-րդ ձևը, մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։