ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մսավաճառներն ու մսագործներն այսօր բողոքի ակցիա են արել Շիրակի մարզպետարանի մոտ։
Բողոքի թեման մորթը սպանդանոցում իրականացնելու պարտադրանքն է։
Դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։
Նման պարագայում լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է, սակայն Գյումրու մոտակա սպանդանոցը 40 կմ հեռավորության վրա է, մարզի հյուսիսային գյուղերից հեռու է 80-90 կմ։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը ներկայացրել են մարզպետին։ Հանդիպման արդյունքում որոշվել է երեք օր չանհանգստացնել մսավաճառներին։ Վերջիններս նախատեսում են 3 օր հետո կրկին բողոքի ակցիա անել, եթե խնդրին լուծում չտրվի։